Skip to content

Հայտարարություն Գյումրիում կազմակերպված ճեպազրույցի կապակցությամբ

Սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահի` Գյումրի կատարած այցի ժամանակ երկրի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները տեղական ԶԼՄ-ների լրագրողներին հնարավորություն չտվեցին մասնակցելու Գյումրու Մոր եւ մանկան հիվանդանոցի շենքում կազմակերպված ճեպազրույցին։

Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պարզաբանումները համոզիչ չեն։ Դրանից կարելի է եզրակացնել, որ վարչությունն առանձնացնում է լրատվամիջոցների մի դաս, որի եթերում կամ էջերում ՀՀ նախագահի գործունեության լուսաբանումն ավելի ցանկալի է, քան մյուսների։ Այդ մոտեցումն առավել ցայտուն դրսեւորվեց հենց Գյումրիում, որտեղ գործում են բավական մեծ լսարան ունեցող տեղական ԶԼՄ-ներ։ Եվ դա այն դեպքում, որ Գյումրի այցելելիս նախագահը պետք է որ շահագրգռված լիներ հատկապես գյումրեցիների հետ հաղորդակցվելու։

Read More »Հայտարարություն Գյումրիում կազմակերպված ճեպազրույցի կապակցությամբ

Նոր զարկերակ. 20 տարի անց Գյումրին կրկին օրաթերթ ունի

Գյումրիում սկսել է լույս տեսնել «Գյումրի-Ասպարեզ» անվամբ օրաթերթը: Այս նախաձեռնության հեղինակը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն է:

Պաշտոնական առաջին համարի շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 12-ին: Այս համարից առաջ լույս էին տեսել նաև փորձնական հինգ համարներ, որոնք անվճար բաժանվել էին Շիրակի մարզի բնակիչներին (կարդացեք նաև Գյումրիի «Ասպարեզը» ուզում է ասպարեզ հանել օրաթերթ):

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի տեղեկացմամբ, մոտ 20 տարի է Շիրակի մարզում տեղական օրաթերթ չի հրատարակվել, հետևաբար իրենց նպատակն է ամեն կերպ վերականգնել օրաթերթային ավանդույթը: Թերթի նյութերը մասնակի կամ ամբողջությամբ տեղադրվում են նաև ակումբի Asparez.am կայքում:

«Ուզում ենք այնպիսի թերթ լինի, որ հանրությունը կապվի դրա հետ, չենք ուզում  ձևական թերթ լինի, ուզում ենք այն դառնա մարդկանց սեղանի թերթը, և եթե մարդուն հետաքրքրող նյութեր մատուցենք, ինքը 200-300 դրամ էլ պատրաստ կլինի վճարել»,- կարծում է Բարսեղյանը:

8 էջանոց թերթը հրատարակվելու է 500 տպաքանակով, իսկ վաճառքի գինը սահմանվել է 100 դրամ: «Մենք հավակնոտ չենք: Մենք չենք կարծում, որ Գյումրին  դրախտ է օրաթերթ հրատարակելու համար: Ենթադրում ենք, որ եթե առաջին ամսում վաճառենք 300 օրինակ, երկրորդ ամսում` 400 օրինակ, այնուհետև յուրաքանչյուր ամիս 50 կամ 100 օրինակ կփորձենք ավելացնել»,- ասում է Բարսեղյանը:

Read More »Նոր զարկերակ. 20 տարի անց Գյումրին կրկին օրաթերթ ունի

Հայցվորի թիրախում. Մինասի որմնանկարները «Զվարթնոցում» են, իսկ վարպետի տղան դեռ դժգոհ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն մեկ ամիս է ընթանում է դատական նիստ, որի հայցվոր կողմը հանդիսանում է գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը, ով դատի է տվել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին:

Ավետիսյանը, ով նաև «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պահանջում է հերքել «Ասպարեզ» ակումբի կայքում հրապարակված հոդվածում առկա «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները և պատասխանող կողմին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել»:

Հայցվոր կողմը պահանջում է նաև պատճառված վնասի փոխհատուցում` 2 մլն 200 հազար դրամի չափով (500 000 դրամը` վիրավորանքի, 1 500 000 դրամը` զրպարտության և 200 000 դրամը` հայցվորի իրավունքների պաշտպանության ծախսերի համար):

Read More »Հայցվորի թիրախում. Մինասի որմնանկարները «Զվարթնոցում» են, իսկ վարպետի տղան դեռ դժգոհ

Ժուռնալիստների «դեֆիցիտ» Գյումրիում

Տևական ժամանակ է` Գյումրու գրեթե բոլոր լրատվամիջոցները հայտարարություններ են տալիս լրագրողների թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով, սակայն գործատուները դժգոհում են, որ ոչ մի կերպ չի հաջողվում գտնել համապատասխան կադրեր: Չեն փրկում նաև խմբագրությունների կողմից կազմակերպվող կարճաժակետ մասնագիտական դասընթացները:

Բանը հասել է նրան, որ հանրապետության առաջին մասնավոր հեռուստաընկերությունը` «ՑԱՅԳ»-ը, անցած շաբաթ կադրեր էր փնտրում Գյումրիում կազմակերպված աշխատանքի տոնավաճառում:

Քաղաքում 10-ից ավելի լրատվամիջոց է գործում: Դրանցից են «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, «Շանթ» հեռուստաընկերությունն ու նույնանուն ռադիոն, «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն ու «Ռադիոհայ Գյումրի» ռադիոն, «Շիրակ» հանրային հեռուստատեսությունն ու «Շիրակի ձայն» ռադիոկայանը, «Շրջապատ», «Հինգշաբթի» և «Կումայրի» շաբաթաթերթերը և «Շիրակ» երկշաբաթաթերթը:

Ո՞րն է խիստ ժամանակակից այս մասնագիտության «արհարմարհված» լինելու պատճառը Գյումրիում. ցածր վարձատրությո՞ւ նը, բուհերի կողմից աշխատաշուկային համապատասխան կադրեր չպատրաստե՞լը, թե՞ կան նաև այլ պատճառներ:

«ՑԱՅԳ» հեռուսաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Մինասյանը դժգոհում է, որ իրենց են դիմում «նստած ժուռնալիստ» աշխատելու առաջարկով: «Չեն պատկերացնում, որ սա ակտիվ աշխատանք է»,- ասում է Մինասյանը` համարելով, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտելը դեռ չի նշանակում գործից գլուխ հանել:

Read More »Ժուռնալիստների «դեֆիցիտ» Գյումրիում

Փա’ռք մարտիկներին. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցը շարունակում է պայքարը

80-ամյա Մնացական Ջանոյանը ամեն առավոտ ձեռքն է առնում օրաթերթերի և շաբաթաթերթերի կապոցն ու շրջում Գյումրու փողոցներով:

Գյումրեցի շրջիկ լրագրավաճառն ասում է` լավ գիտի իր գործի նրբությունները և անգամ այս տարիքում չի նեղվում աշխատելուց:

«Սարի պես էրեխեք ունեմ, բայց քանի դեռ ուժս տեղնա, ինքս էլ պետք ա աշխատեմ: Համ էլ սիրում եմ գործս` ամեն ինչ գիտեմ»,- ասում է Մնացական պապը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Մնացականը ցավով է հիշում այդ տարիները: Ասում է` հայրենական պատերազմը պատճառ դարձավ, որ նա դեռ անչափահաս տարիքում զենք վերցնի ձեռքը հայրենիքը պաշտպանելու համար:

«Դաժան էր` կրակ, բոց, ծուխ, արուն, դիակներ և գարշահոտ: Հարազատ ընկերդ աչքիդ առաջ մեռնում ա, իսկ դու թշնամու հետ մահու կռիվ ես տալիս: Չեմ կարող պատմել. իսկականից ահավոր էր»,- հուզվում է նա:

«Եթե ապրել ես ուզում, ապա պետք է պայքարես: Պայքարը տարբեր տարիքում տարբեր կերպ է լինում: Ջահել ժամանակ զենք էի լավ բանեցնում: Զենքովս պայքարեցի ու պատերազմից հաղթանակած դուրս եկա: Հետո էլ ամեն ինչ արեցի, որ երեխեքս ծուռ վիզ չմնան: Հիմա էլ ամեն ինչ անում եմ, որ ես ծուռ վիզ չմնամ ու ոչ մեկի ձեռքին չնայեմ»:

Վերջին 15 տարիներին նրա զենքը թերթն է դարձել, բայց ասում է, որ այսօրվա թերթն ուժը կորցրել է: Նախկինում մշտական գնորդներ ուներ, ապրանքն էլ միշտ լավ էր սպառվում:

«էլ հավատ չկա: Հիմա մարդիկ չեն հավատում թերթերին»:

Read More »Փա’ռք մարտիկներին. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցը շարունակում է պայքարը

Սեր` առաջին օնլայն զրույցից. Գյումրիում սոց. ցանցերը` ամուսնության պատճառ

 Երևանաբնակ Ստյոպայի և գյումրեցի Լուսինեի ծանոթության պատճառը համակարգիչն էր, իսկ ավելի ճիշտ` համացանցը, որտեղ բռնկվեց այս զույգի ջերմ օնլայն զրույցը: Այսօր նման ծանոթությունը գուցե այլևս զարմանալի չթվա Երևանում, բայց Գյումրիում աղջկա և տղայի միջև համակարգչային շփումները, մեղմ ասած, լուրջ չեն ընկալվում: Այնուամենայնիվ, զգացմունքներով լի 23-ամյա Ստյոպան պատրաստ էր ապացուցել, որ ավելի, քան երբևէ լուրջ էր տրամադրված այդ շփումները խորացնելուն:

«2010 թվականի նոյեմբերն էր: Լավ հիշում եմ` պարապ էի, գրեցի ուղղակի ժամանակ անցկացնելու համար: Հետո հասկացա, որ լուրջ աղջիկ է, խոսքերը ձևական չեն,» – խոստովանում  է 23-ամյա Ստյոպան:

«Ես այդ ժամանակ խնդիրներ ունեի, սկսեցի Լուսինեի հետ կիսվել դարդ ու ցավերով: Այնքան հեշտ է խոսել անծանոթի հետ և այնպիսի անծանոթի, ով կարող է ժամերով լսել քեզ, փորձել խնդիրներիդ հարթեցման ուղիներ գտնել, անկախ հեռավորությունից` հոգեպես աջակցել քեզ ու զգացնել տալ իր ներկայությունը, իր այնքան ցանկալի ներկայությունը»:

Մի քանի ամիս ինտերնետով շփվելուց հետո երիտասարդները փոխանակվել են հեռախոսահամարներով: Ստյոպան ամեն անգամ Լուսինեի մասին խոսելիս անընդհատ պետք է շեշտի, որ իր սերը մնաց անպատասխան:

«Կյանքիս մեջ առաջին անգամ նրա համար եմ Գյումրի գնացել: Ամբողջ ճանապարհին մտածում էի` կարող է ստի, չգա, բայց եկավ: Երբ առաջին անգամ տեսա, հասկացա, որ նա է` միակս, կյանքիս իմաստը», – ասում է Ստյոպան:

Read More »Սեր` առաջին օնլայն զրույցից. Գյումրիում սոց. ցանցերը` ամուսնության պատճառ

Փրկության գրքեր. Թումանյանի և Հյուգոյի հատորները զիջում են ժամանցային ամսագրերին

Ամեն առավոտ գյումրեցի գրավաճառ Վաղինակ Հակոբյանը պայուսակում տեղավորում է մի քանի տասնյակ գրքեր, ապա մտամոլոր քայլերն ուղղում դեպի Գյումրիի կենտրոնական հրապարակ տանող բանուկ փողոցը: Նստարաններից մեկի վրա դասավորում է գրքերն ու գործի անցնում: Բացի 43-ամյա Վաղինակից այստեղ փողոցային գրավաճառությամբ զբաղվում են ևս մի քանի հոգի:

Երկու տարի առաջ, երբ առաջին անգամ Վաղինակը դուրս եկավ գիրք վաճառելու, նեղվում էր: «Հոգեպես կոտրված ու ինձ դավաճան էի համարում. վաճառելու էի հարազատ ընկերներիս», – ասում է գրավաճառը:

«Երկար տարիներ ֆուտբոլով եմ զբաղվել: Միշտ երազում էի` օրերից մի օր Հայաստանում այդ խաղաձևը կզարգանա, ես էլ պահանջված մարզիկ կդառնամ… Տարիների ընթացքում հասկացա, որ զուր հույսեր եմ փափագում, ավելին` մեզ մոտ սպորտով տուն չես պահի: Տարբեր գործեր եմ արել, մի օր պարապ չեմ մնացել ու երբ 2 կոպեկ ավել եմ աշխատել, գիրք եմ գնել»,- պատմում է Վաղինակը ու ձեռքի հետ գրքերը տեսակավորում:

«Ես քաղաքի բոլոր գրախանութներում գրանցված էի` հենց նորություն լիներ, անպայման պիտի ունենայի, անգամ ծանոթ էի մեջ գցում դեֆիցիտ գրքերի համար»:

Դեֆիցիտ գրքերից շատերին Վաղինակն արդեն հրաժեշտ է տվել, բայց այսօր էլ նրա նստարանը լի է գրքերով: Ժանրերը տարբեր են` հայ և արտասահմանյան դասականներից մինչև ժամանակակից:

Read More »Փրկության գրքեր. Թումանյանի և Հյուգոյի հատորները զիջում են ժամանցային ամսագրերին

Video. մարտի 25` խոսքի ազատության օրը Գյումրիում

Արդեն երրորդ անգամ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախաձեռնությամբ մարտի 25-ին Գյումրիում նշվում է Խոսքի ազատության օրը: Դեռ 2008 թ-ին այս օրը հեռուստամարաթոնի արդյունքում հաջողվեց հավաքել մոտ 26 միլիոն դրամ հօգուտ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության:

Նման հեռուստամարաթոնի անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ «ԳԱԼԱ»-ն ընդդիմության հանրահավաքները լուսաբանելուց հետո հայտնվեց իշխանությունների աննախադեպ ճնշման տակ` հարկային մարմինների սահմանած տույժերի ու տուգանքների ձևով: «Ասպարեզ» ակումբի և «ԳԱԼԱ»-ի համատեղ ջանքերով անցկացված հնգօրյա համաժողովրդական հանգանակության շնորհիվ հեռուստաընկերությունը կարողացավ վճարել տուգանքները` փրկվելով եթերազրկման սպառնալիքից:

Այս տարվա հանդիսության ընթացքում պարգևատրվեցին իրենց աշխատանքով աչքի ընկած 4 լրագրողներ.

Read More »Video. մարտի 25` խոսքի ազատության օրը Գյումրիում

Վերականգնել ավանդույթը. Գյումրիի «Ասպարեզը» ուզում է ասպարեզ հանել օրաթերթ

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մտադրված է երկու ամսից նոր օրաթերթ հրատարակել Գյումրիում: Ըստ նրա, ի տարբերություն մեծ քանակությամբ օրաթերթեր ունեցող մայրաքաղաքի, մարզերում արդեն 20 տարի է’ ԶԼՄ-ի այս տեսակը գոյություն չունի, և անհրաժեշտ է վերականգնել վաղ առավոտյան թերթ ընթերցելու ավանդույթը:

«Ես ինքս մի շարք անգամներ տարբեր դոնորների բացատրել, խնդրել, համոզել եմ, որ մարզերում տպարանային աջակցություն ցուցաբերեն, տպարաններ հիմնելու համար գումարներ հատկացնեն, հիմա հույս ունենք, որ այդ հատկացումը կլինի, և վերջապես մեր քաղաքում երկար ընդմիջումից հետո մենք կունենանք մերը»,-պարզաբանում է Լևոն Բարսեղյանը:

Թերթի արտադրության հարցում Բարսեղյանը ակնկալում է թե’ տեղացի, թե’ դրսի դոնորների աջակցությունը, ըստ նրա, եթե անգամ աջակցություն չլինի, իրենք սեփական ուժերով կփորձեն հրատարկել թերթը: Ըստ Բարսեղյանի` ֆինանսական աջակցություն արդեն խոստացել են, բայց քանի դեռ պայմանագիրը կնքված չէ, ֆինանսավորողի անունը նշել չի ցանկանում:

Նախագծի համար «Ասպարեզ» ակումբի հաշվարկներով անհրաժեշտ է միանվագ 80 000 ԱՄՆ դոլարի ներդրում: Այս գումարի մեջ ներառված չեն խմբագրության ընթացիկ ծախսերը, որոնք ըստ Բարսեղյանի ամսեկան կկազմեն մոտ 4000 դոլար:

Read More »Վերականգնել ավանդույթը. Գյումրիի «Ասպարեզը» ուզում է ասպարեզ հանել օրաթերթ

Գյումրվա փակուղին. «ԳԱԼԱ»-ն զրկվեց նաև աշտարակից օգտվելու իրավունքից

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության հեռարձակումը կարող է դադարեցվել զուտ այն պատճառով, որ հեռուստաընկերությանը պատկանող հեռարձակող ալեհավաքը դատարանի որոշմամբ պետք է մեկ ամսվա ընթացքում ապամոնտաժվի հեռուստաաշտարակի վրայից:

Փետրվարի 17-ին նման որոշում ընդունեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` այսպիսով վերջակետ դնելով երկու տարի ձգձգվող Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ԳԱԼԱ» ՀԸ սեփականատեր «Չապ» ՍՊԸ-ի և «Չապ» ՍՊԸ-ն ընդդեմ քաղաքապետարանի միացյալ գործերով դատաքննությանը:

Վեճի առարկան հեռուստաաշտարակն էր, որը գտնվում է Գյումրու Վազգեն Սարգսյան 6/1 հասցեում: Այն երկար ժամանակ անտեր էր, սակայն 2007 թ-ին սեփականաշնորհվեց Գյումրու քաղաքապետարանի կողմից, որն էլ պահանջեց ազատել հեռուստաաշտարակը «ԳԱԼԱ»-ին պատկանող սարքավորումներից:

Երկու տարի շարունակ երկարատև ընդմիջումներով գործը լսելուց հետո դատավոր Շիրակ Հակոբյանը ընթերցեց վճիռը` բավարարելով միայն Գյումրու քաղաքապետարանի պահանջը: «Հարկադրել հեռուստաընկերությանը մեկամսյա ժամկետում Վ.Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել «Չապ» ՍՊԸ ընկերությանը պատկանող հաղորդակի մաս հանդիսացող, հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռը (անտենան) և մալուխը», նշվում է դատավորի վճռի մեջ:

Read More »Գյումրվա փակուղին. «ԳԱԼԱ»-ն զրկվեց նաև աշտարակից օգտվելու իրավունքից