Skip to content

Ադրբեջանում սկսվել է ակտիվիստի և լրագրողի վրա հարձակված անձանց դատը

Բաքվում ընթանում է ամերիկացի լրագրողի և բրիտանացի մարդու իրավունքների պաշտպանի վրա չորս ամիս առաջ հարձակում գործած անձանց դատավարությունը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Ամերիկացի լրագրող Ամանդա Էրիկսոնը և բրիտանացի ակտիվիստ Սելիա Դևիսը պնդում են, որ հունիսի 15-ին Բաքվի Ազգային դրամատիկական թատրոնի մոտակայքում նրանց վրա հարձակում են գործել:

20-22 տարեկան չորս անձնավորություն՝ Ադիլ Թագիզադեն, Ռոման Հասանովը, Վուսալ Քուրբանովը և Նազիմ Հուսեյնովը, մեղադրվում են խուլիգանության և ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է երեքից յոթ տարի ազատազրկում:

Բոլոր չորս մեղադրյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում: Նրանք ժխտում են այն փաստը, որ հարձակվել են կանանց վրա կամ վիրավորական խոսքեր են ասել նրանց հասցեին, ինչպես նաև պնդում են, որ հարբած չեն եղել: Նրանց խոսքերով՝ նրանք փորձում էին օգնել երկու կնոջ, ովքեր հարբածի տպավորություն էին թողնում:

«Նրանք խմած էին, երբ ես մոտեցա նրանցից մեկին և հարցրեցի, թե ինչով կարող եմ օգնել», – ասում է Թագիզադեն: «Նրանք վախեցան և սկսեցին գոռալ: Մենք հասկացանք, որ նրանք օտարերկացիներ են: Հետո Նազիմը տվեց նրանց իր բջջային հեռախոսը, որ զանգահարեն ոստիկանություն, բայց այդ կինը նետեց հեռախոսը գետնին և կոտրեց այն: Մենք նրանց չենք ծեծել… նրանք պարզապես փախան»:

Read More »Ադրբեջանում սկսվել է ակտիվիստի և լրագրողի վրա հարձակված անձանց դատը

Իրանը ձերբակալել է BBC-ի 5 լրագրողի

Իրանի հանրային հեռուստատեսությունը հայտնել է, որ իրանական իշխանությունները ձերբակալել են հինգ լրագրողի, որոնք աշխատում էին BBC-ի պարսկերեն ծառայության համար:

Երկուշաբթի օրը հեռուստաալիքի կայքում տեղեկություն տարածվեց, որ լրագրողների այդ խումբը BBC-ին տրամադրում էր տեսանյութեր և բացասական լուրեր Իրանի մասին: Լրագրողների անունները չեն նշվել:

Իրանն արգելափակել է BBC հեռուստաալիքը և մեղադրել նրան, ինչպես նաև բրիտանական կառավարությանը, մասսայական դժգոհություններ առաջացնելու մեջ:

Վերջին տարիներին Իրանում ձերբակալվել են բազմաթիվ լրագրողներ և բլոգերներ:

Աղբյուր: The Associated Press

 

Read More »Իրանը ձերբակալել է BBC-ի 5 լրագրողի

Ադրբեջանցի լրագրողի ընտանիքի անդամներին ծեծել են, տունը՝ քանդել

Լրագրող Իդրաք Աբբասովի ընտանիքի անդամներին սեպտեմբերի 9-ին դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ նրանց տունը, որը գտնվում է Բաքվի արվարձաններից մեկում, մասամբ քանդել են էքսկավատորով՝ ապօրինի կառուցված լինելու պատրվակով:

Այս հարձակումն իրականացրել են պետական Բինագադի նավթարդյունաբերական ընկերության անվտանգության աշխատակիցները: Աբբասովը, ով «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտիուտ» ՀԿ անդամ է, հետաքննություն էր վարում ընկերության ապօրինի գործունեությունը բացահայտելու ուղղությամբ:

«Սա անկասկած պատժելի արարք է», – հայտարարում է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը: «Այս հարձակումը բացահայտորեն իրականացվել է Աբբասովին լռեցնելու նպատակով, քանի որ նրա հետաքննությունն անհանգստության առիթ էր Բինագադի նավթարդյունաբերական ընկերության համար: Այս դեպքը լույս է գցում այն դաժան մեթոդների վրա, որոնցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են խանգարել լրագրողներին: Բացի ուղղակիորեն լրագրողներին սպառնալուց և հարձակման ենթարկելուց, նրանք թիրախ են դարձնում լրագրողների ընտանիքները»:

Սեպտեմբերի 9-ին՝ երեկոյան ժամը 11-ի շրջանոմ, Աբբասովի բարեկամների տուն, որտեղ նրանք ապրել են 25 տարի, ներխուժել են սևազգեստ տղամարդիկ:

Լրագրողի ծնողներին, եղբայրներին և նրանց երեխաներին դաժանաբար ծեծել են մահակներով: Հայրը, մայրը և եղբայրներից մեկը տեղափոխվել են հիվանդանոց: Լրագրողի հայրը գտնվում է կոմայի մեջ, իսկ մայրը և եղբայրը ուղեղի ցնցում են ստացել:

Read More »Ադրբեջանցի լրագրողի ընտանիքի անդամներին ծեծել են, տունը՝ քանդել

Վրացական ոստիկանությունը ստուգում է «Ռեզոնանսի» լրագրողի նոութբուքը

Ըստ Human Rights Center ՀԿ-ի տվյալների՝ Ախալգորիի անցագրային կետում վրացական ոստիկանությունը ստուգել է «Ռեզոնանս» թերթի լրագրող Մարի Օթարաշվիլիի նոութբուքը:

«Ոստիկաններից մեկը հարցրեց, թե ինչ ունեմ պայուսակումս: Ես չթաքցրի, որ այնտեղ նոութբուք է: Նրանք խնդրեցին միացնել այն և ցույց տալ այն ամենն ինչ կա դրա մեջ: Սկզբում ես հրաժարվեցի, այնուհետև համաձայնեցի: Միացրի նոութբուքը: Այնտեղ ունեմ «Գրաված տարածքների օրենք» և «Մարտավարություն» (որը վերաբերում է գրաված տարածքների մարտավարութանը) վերնագրերով ֆայլեր»:

«Այդ նյութերը հաճախ եմ օգտագործում հոդվածներ գրելիս: Ոստիկանները հատկապես հետաքրքրվեցին «Մարտավարություն» ֆայլով և ինձ ասացին բացել այն: Ես բացեցի և սկսեցի բացատրել, որ սա Վերաինտեգրման նախարարության կայքից վերցված ֆայլ է: Նրանք մեծ հետաքրքրությամբ կարդացին «Մարտավարությունը» և ասացին ինձ ցույց տալ բոլոր նկարները: Ես հրաժարվեցի, քանի որ դրանք իմ անձնական նկարներն էին և այն լուսանկերները, որոնք օգտագործում եմ հոդվածների մեջ, բայց վերջիվերջո համաձայնեցի: Նրանք գտան Օսեթիայի անջատողականների առաջնորդի տեղակալ Մերաբ Չիգոևի լուսանկարը և շատ հարցեր տվեցին այդ նկարի մասին»:

Read More »Վրացական ոստիկանությունը ստուգում է «Ռեզոնանսի» լրագրողի նոութբուքը

Ադրբեջանցի լրագրողի նկատմամբ հարուցված քրեական գործը հասնում է դատարան

Նախիջևանի Շարուրի շրջանի դատախազությունն ավարտել է Հակիմելդոստու Մեհդիևի գործով հետաքննությունը, համաձայն որի նա մեղադրվում է էլեկտրաէներգիա գողանալու մեջ (հոդ. 189-1.1): Մեհդիևը Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի տարածաշրջանային թղթակիցն է: Երկուշաբթի օրը նրան ներկայացրել են մեղադրական ակտ: «Դատախազ Քամիլ Շակուրովը պահանջել է, որ ես փոխհատուցեմ 1050.18 մանաթ (US$265), որպեսզի քրեական գործը կարճվի: Սակայն ես մերժեցի, որովհետև էլեկտրականություն չեմ գողացել», – ասել է Մեհդիևը «Թուրան» գործակալությանը: Մեղադրական ակտի օրինակ ոչ իրեն, ոչ էլ նրա փաստաբանին չի հանձնվել:

«Բոլոր վկայությունները գրված են միևնույն ձևով, ասես պատճեներ լինեն: Ավելին, վկաները տեղական իշխանությունների գլուխներ են՝ քաղաքապետը, գործադիր մարմնի ներկայացուցիչը, էներգոցանցի վաճառքի բաժնի պետը, շրջանի գործադիր մարմնի պետի տեղակալը, նույնիսկ տեղի ախունդը՝ մոլլան (հոգևորական)», – ասել է Մեհդիևը:

Հուլիսի 15-ին տեղական իշխանությունները դադարեցրել էին Մեհդիևի տան էլեկտրաէներգիայի մատակարարումը Շարուրի շրջանի Ջալիլքենդ գյուղում: Պատճառը դրա ապօրինի օգտագործումն էր: Սակայն ամբողջ օգտագործված էլեկտրականության համար վճարված է եղել, և Մեհդիևն ապացուցել է դա: Բայց նրա ընտանիքը 24 օր ապրել է առանց էլեկտրական հոսանքի: «Հիմա լույսերը տվել են, բայց լարումը շատ ցածր է և նույնիսկ չի բավականացնում ջրհորի պոմպն աշխատեցնելու համար», – ասում է Մեհդիևը:

Read More »Ադրբեջանցի լրագրողի նկատմամբ հարուցված քրեական գործը հասնում է դատարան

Բանտարկված իրանցի լրագրողի նամակը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանին

Ականավոր իրանցի լրագրող Իսա Սահարխիզը, որը գտնվում է բանտում, կոչ է արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանին` որքան հնարավոր է շտապ այցելել Իրան՝ պատմելու աշխարհին, թե ինչպիսի «սարսափելի բաներ» են տեղի ունենում երկրի բանտերում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Իսա Սահարխիզը, որը Մամուլի ազատության պաշտպանության ասոցիացիայի անդամ է, գրել է Ահմեդ Շահիդին, որ «այն, ինչ կատարվում է Իրանի բանտերում, հանցագործություն է մարդկության նկատմամբ՝ նման այն արարքներին, որ տեղի էին ունենում Սիբիրի ստալինյան համակենտրոնացման ճամբարներում»:

Սահարխիզը գրում է, որ «ռեժիմի նպատակն է անձայն և աստիճանաբար սպանել ընդվզող լրագրողներին… քանի որ նրանք վախենում են, որ մենք կենդանի կմնանք նույնիսկ այս ճաղերի և պատերի հետևում»:

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ չի ընդունի անցյալ ամիս ՄԱԿ-ի կողմից նշանակված Շահիդի այցելությունը:

Սահարխիզը ձերբակալվել է 2009 թվականի հուլիսին նախագահական ընտրություններից հետո: Նրան դատապարտել են երեք տարի ազատազրկման, արգելել են հինգ տարվա ընթացքում զբաղվել քաղաքական և լրագրողական գործունեությամբ և մեկ տարով արգելել են լքել Իրանի տարածքը ազատ արձակվելուց հետո:

Նրան մեղադրում են Իրանի հոգևոր առաջնորդին վիրավորելու և «ռեժիմը հակապրոպագանդելու» մեջ:

Աղբյուր: RFE/RL

Read More »Բանտարկված իրանցի լրագրողի նամակը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանին

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը բավարարում է լրագրողի բողոքը

Հունիսի 27-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը բավարարեց «Օբյեկտիվի» մեդիա միավորման լրագրող Նինո Մակիաշվիլու բողոքը և համաձայնեց նրան տրամադրել պահանջված տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է Վրաստանի երիտասարդ փաստաբանների ասոցիացիան, որն աջակցություն էր ցույց տալիս լրագրողին:

Մայիսի 27-ին Նինո Մակիաշվիլին Ներքին գործերի նախարարությանը դիմում էր ներկայացրել՝ պահանջելով հայտնել, թե որ ոստիկանական ստորաբաժանումներն են իրականացրել մայիսի 26-ի բողոքի ցույցի ցրումը: Նախարարությունը ոչ մի կերպ չէր արձագանքել: Լրագրողը դիմում էր ներկայացրել նախարարին: Հունիսի 27-ին տեղի ունեցած բանավոր լսումների ժամանակ նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ լրագրողը շուտով կստանա իրեն հետաքրքրող տվյալները:

Աղբյուր: Media.ge

Read More »Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը բավարարում է լրագրողի բողոքը

Ադրբեջանում ծեծի են ենթարկել ամերիկացի լրագրողի և բրիտանացի ակտիվիստի

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, հունիսի 15-ին Բաքվում ծեծի են ենթարկել ամերիկացի լրագրողի և մարդու իրավունքների բրիտանացի պաշտպանի:

Ըստ տեղեկատվության՝ սպորտային կազմվածքով չորս երիտասարդ տղամարդ հետևել են լրագրող Ամանդա Էրիքսոնին և ակտիվիստ Սելիա Դևիս Քերիսին, երբ նրանք քայլելիս են եղել դեպի իրենց բնակարանը: Նրանց վրա հարձակվել են Դրամատիկական թատրոնի հարևանությամբ:

Քերիսը հարձակման արդյունքում կոտրել է ձեռքը:

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները հայտնում են, որ տեղյակ են կատարված հանցագործության մասին և ամեն կերպ աջակցում են տուժածներին:

Ադրբեջանի ներքին գործերի ներկայացուցիչ Օրխան Մանսուզադեն ասել է, որ հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է:

Էրիքսոնը և Քերիսը Ադրբեջանում դասընթացներ էին վարում տեղի լրագրողների և հասարակական ակտիվիստների համար:

Աղբյուր: RFE/RL

Read More »Ադրբեջանում ծեծի են ենթարկել ամերիկացի լրագրողի և բրիտանացի ակտիվիստի

Լրագրողներ առանց սահմանների. Թբիլիսիում հարձակվել են 10-ից ավելի լրագրողի վրա

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ցնցված է այն բռնություններից, որոնք վրացական անվտանգության ուժերը գործածել են մայիսի 26-ի վաղ առավոտյան Թբիլիսիում տեղի ունեցող հակակառավարական ցույցը լուսաբանող լրագրողների հանդեպ:

«Ըստ մեր աղբյուրի՝ ոստիկաննները հարձակում են գործել կամ ձերբակալել նվազագույնը տասներկու լրագրողի», – հաղորդում է «ԼԱՍ»-ն: «Իրադարձությունները լուսաբանող լրագրողների հանդեպ ուժի այս գործադրումը պարզապես անհանդուրժելի է: Մենք կոչ ենք անում թե՛ կառավարությանը, թե՛ ընդդիմությանը հարգել լրագրողներին. նրանք չպետք է դառնան ընթացիկ քաղաքական լարվածության զոհ»:

Մայիսի 21-ից սկսած՝ ամեն օր հազարավոր մարդիկ դուրս էին գալիս ցույցի՝ պահանջելով նախագահ Սահակաշվիլու հրաժարականը: Մայիսի 26-ին՝ կեսգիշերից հետո, ոստիկանությունը ուժ գործադրեց, որպեսզի ցրի ընդդիմության ցույցը Ռուսթավելու պողոտայից: Ընդդիմությունը զգուշացվել էր, որ փողոցը պետք է ազատվի, քանի որ այնտեղ տեղի էին ունենալու Վրաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններ: 

Ոստիանությունը արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և մահակներ էր օգտագործում ցուցարարներին ցրելու համար: Լրագրողները ենթարկվում էին բանավոր վիրավորանքների և ֆիզիկական հարձակման: Առանց բացատրությունների նրանցից խլում կամ կոտրում էին ֆոտո և տեսախցիկները:

Read More »Լրագրողներ առանց սահմանների. Թբիլիսիում հարձակվել են 10-ից ավելի լրագրողի վրա

ԵԱՀԿ պաշտոնյան հանդիպել է ազատազրկված ադրբեջանցի լրագրողի հետ

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հանդիպել է ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևի հետ, որը գտնվում է բանտում ապօրինի թմրամիջոցներ պահելու համար, հայտնում է ադրբեջանական “Ազատություն” ռադիոկայանը:

Դունյա Միյատովիչի այցը տեղի է ունեցել մայիսի 10-ին՝ զրպարտանքի ապաքրեականացման վերաբերյալ կոնֆերանսից մեկ օր առաջ:

Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որտեղ զրպարտանքը քրեորեն պատժելի հանցագործություն է: Մամուլի և մարդու իրավապաշտպանները բազմիցս կոչ են արել հանելու զրպարտանքի մասին հոդվածը քրեական օրենսգրքից:

Աղբյուր: RFE/RL


Read More »ԵԱՀԿ պաշտոնյան հանդիպել է ազատազրկված ադրբեջանցի լրագրողի հետ