Լոռին, որի գրեթե բոլոր քաղաքներում հեռուստաընկերություններ են գործում, թվային հեռարձակման արտոնագրի համար հայտարարված մրցույթում ակտիվություն չցուցաբերեց :
Մարզի 6 հեռուստաընկերություններից միայն մեկը հայտ ներկայացրեց մարզային հեռուստատեսության արտոնագիր ստանալու համար:
Վանաձորի երեք, ինչպես նաև Սպիտակի, Ալավերդու և Տաշիրի տեղական հեռուստաընկերությունները չմասնակցեցին մրցույթին: Տպավորությունն այնպիսին է, որ բոլորը գիտեն, թե ում է այս անգամ ժպտալու «ֆորտունան»: Այսպես է կոչվում Ստեփանավանի հեռուստաընկերությունը, որը միակ հայտատուն է Լոռուց:
Եթե, իհարկե, մրցակից չունենալով, «Ֆորտունան» մրցույթում հաղթող ճանաչվի, այս ընկերությունը հավակնում է ստանալ թվային հեռարձակման Լոռու մարզային հեռուստաընկերության կարգավիճակ:
Սա նշանակում է, որ մինչ այժմ միայն Ստեփանավան քաղաքի տարածքում հեռարձակող հեռուստաընկերությունը հեռարձակման հնարավորություն է ստանալու մարզի ողջ տարածքով, որն այսօր չի կարողանում ապահովել մարզի ոչ մի հեռուստաընկերություն:
Այժմ մարզի բոլոր վեց հեռուստաընկրությունների հեռարձակման տիրույթն ընդգրկում է հեռուստաընկերության գտնվելու վայրն ու, լավագույն դեպքում, հարակից համայնքները:
Վանաձորի ավելի քան քսան տարվա փորձ ունեցող «ՄԻԳ» հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը մրցույթին չմասնակցելու պատճառը հստակ չի նշում: Ասում է, որ դա իրենց գաղտնիքն է: Մինչդեռ մրցույթից առաջ ասում էր, որ երկմտում են՝ դիմե՞լ մրցույթին, թե՞ ոչ:
Read More »Ստեփանավանը հավակնում է դառնալ թվային հեռարձակման Լոռու շրջկենտրոն