Եղեռնի «Հիշողության քարտեզը» Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Մարտի 12-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվեց Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» ցուցահանդեսը, որի հիման վրա երկու օր անց մեկնարկեց «Հիշողության քարտեզ» հանդիպումների շարքը:
Սահակ Պողոսյանի աշխատանքի ցուցադրությունը նվիրված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագիծը արվեստագետի երկու տարվա աշխատանքի արդյունք է, որն ամփոփում է մոտ 50 տարվա պատմություն: Հեղինակը ներկայացնում է 11 աշխատանք, որոնցից տասը կտավներ են՝ Արևմտյան Հայաստանից բերված, մոմաշերտով պատված վերմակներ: Նախագծի կենտրոնական աշխատանքը փիրուզե ականջօղերն են՝ ստեղծված հեղինակի մեծ մոր ականջօղերի նմանությամբ: Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 30-ը:
Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագծի վրա հիմնված «Հիշողության քարտեզ» հանդիպումների շարքը բաղկացած է Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ 11 հանդիպումից: Մարդիկ 11 մասունքների միջոցով ներկայացնում են իրենց ընտանեկան պատմությունները: Ինչպես նշում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Լիզա Շիրինյանը, հանդիպումների թիվը պարզապես համընկել է նախագծի աշխատանքների թվի հետ, հնարավոր է, որ հանդիպումները տասնմեկը չլինեն:
Հանդիպումները տեղի են ունենում ամեն շաբաթ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում, նախատեսվում է, որ դրանք ևս կշարունակվեն մինչև մայիսի 30-ը:
Read More »Եղեռնի «Հիշողության քարտեզը» Գաֆէսճեան արվեստի կենտրոնում