Արդեն 575 օր բանտում. Փաշինյանի կինը փոխարինում է ամուսնուն թե’ տանը, թե’ աշխատավայրում
«Երեխաներս գիտեն, որ հայրիկը աշխատանքի է գնացել։ Շատ կարևոր գործ ունի, որ արվում է երկրի, պետության և ժողովրդի համար»,- ասում է անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։
Երբ հանդիպեցինք, թեև արդեն ուշ երեկո էր, սակայն նա դեռ աշխատում էր։ Աննան այժմ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչն ու տնօրենն է։ Փաշինյանի բացակայության ժամանակ նաև խմբագրի պարտականություններն է կատարում։ Ասում է, որ երեխաների խնամքի հարցում ծնողներն ու դայակն են օգնում։
«Սկզբում, երբ ուշանում էի, երեխաները շատ էին զանգում, ամեն մի հարցի դեպքում։ Հիմա արդեն, կարծես, դրան էլ են ընտելացել, քիչ են զանգում, որ շատ չանհանգստացնեն»,– ասում է Աննան։
«Երբեք չեմ դիմել ամուսնուս՝ պայքարի ավելի «մեղմ ու անվտանգ» ձևեր ընտրելու խնդրանքով,-ասում է նա։ -Ես չեմ համարում, որ Հայաստանի այն ընտանիքները, որտեղ ամեն օր հայրիկն ու մայրիկը տուն են վերադառնում աշխատանքից, ավելի լավ վիճակում են, քան մեր ընտանիքը: Խոսքը միայն ֆինանսական դժվարությունների մասին չէ: Նույնիսկ լավ աշխատանք ունեցող շատ քիչ ընտանիքներ կան այսօր, որոնք կարող են ասել, որ երջանիկ ու հանգիստ են այս համատարած անարդարությունների պայմաններում»:
«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը անազատության մեջ է արդեն մեկ ու կես տարի` 2009 թ-ի հուլիսից:
Read More »Արդեն 575 օր բանտում. Փաշինյանի կինը փոխարինում է ամուսնուն թե’ տանը, թե’ աշխատավայրում