Թուրքիայի և Հայաստանի սահմանին. Արետ Բոզթաշ
Հայ և թուրք հասարակություններն ապրում են կողք կողքի. նրանց սահմանները և՛ մոտ են, և՛ հեռու: Փոխվել է թուրքը, հայն էլ նույնը չէ, սակայն փոխվե՞լ է արդյոք թշնամանքը…
24-ամյա Արետ Բոզթաշ Թովմասեանը ծնվել և մեծացել է Թուրքիայի Էլազըղ քաղաքում: Թովմասեան ազգանունը ժառանգել է պապուց` Փիլիպոս Թովմասեանից, որը հետագայում փոխել է ազգանունը՝ դառնալով Մուսթաֆա Բոզթաշ: Մինչև 18 տարեկան ապրել է Ստամբուլում և արդեն վեց տարի Հայաստանում է: Նախնական կրթություն Արետն ստացել է Թուրքիայի հայկական վարժարանում, իսկ արդեն 2009 թվականից եկել է Հայաստան, սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Թուրքահայ երիտասարդը մեծ սեր ունի արվեստի նկատմամբ, տիրապետում է 10 գործիքի՝ դաշնամուր, ֆլեյտա, դուդուկ, ուդ, կիթառ, բաս կիթառ, շվի, սազ, թմբուկ և դարբուկա: Ստամբուլում մասնակցել է Կոմիտասին նվիրված համերգների, նվագել է մյուզիքլներում` հանդես գալով Թուրքիայի տարբեր քաղաքներում: Հայաստանում Արետը մատուցող է աշխատում «Բուրբոն» փաբում: Կիթառով համերգ է ունեցել այնտեղ, նաև նվագել է «Վոյցեկ» մյուզիքլում: Նաև երաժշտության նկատմամբ սերն է Արետին բերել Հայաստան: Արետն ասում է, որ Հայաստանում լինելու երկու տարիներին իրեն երբեմն զգացել է օտար միջավայրում, ասում է, որ ծաղրել են, երբ լսել են, թե ինչպես է խոսում: