«Աստծո շնորքով եմ` ինչ որ եմ». Ռոբերտ Նիկողոսյան
Դեմքեր, դեմքեր, դեմքեր… Մարդկային դեմքերը՝ հայտնի թե անհայտ, խոսուն են: Կարևոր չէ, թե ձեռքիդ տակ ինչ առարկաներ կան՝ գրիչ ու թուղթ, մատիտներ կամ վրձին, երբ ասելիք ունես ու ուզում ես, որ խոսքդ հասանելի դառնա: Ասում են՝ առաջին գործը ոգեշնչման առիթ է դառնում և ուզում ես նորից ու նորից ստեղծագործել…
21-ամյա Ռոբերտ Նիկողոսյանն ունի իր սիրելի նյութերը՝ ներկեր, սուրճ, աղ, սփրեյ: Երբ երեխաները թաքուն ամանորյա երազանք էին պահում և սպասում իրականանալուն, Ռոբերտի ցանկությունը մեկն էր՝ դառնալ նկարիչ: Ռոբերտն ամոթխած ասաց, որ իրեն նկարիչ չի կարող անվանել, զարգանալու շատ տեղ ունի…
«Վեց տարեկանից սկսել եմ նկարել: Պատանեկան տարիներին սովորել եմ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում: Ավարտել եմ Գեղարվեստի պետական ակադեմիան և զբաղվում եմ ինքնազարգացմամբ»,- պատմում է Ռոբերտը:
Ռոբերտին ճանաչել կարելի է Երևանում արած Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Պարույր Սևակի, Եղիշե Չարենցի և այլ հայ մեծերի գրաֆիտի դիմանկարներով, որոնք կարելի է տեսնել Թումանյան, Խանջյան, Կենդանաբանական այգու հարակից փողոցներում: Փողոցային արվեստը (Street Art) Ռոբերտի միակ նախասիրությունը չէ, դիմանկարներ նկարում է աղով, սուրճով, այժմ նաև քանդակներ է պատրաստում: