Ազատ խոսքի եւ մամուլի խնդիրները Արցախում
JNews-ի զրուցակիցներն են «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը եւ «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը, ովքեր հիմնվելով սեփական փորձի վրա՝ խոսում են մամուլի կողմից ԼՂՀ իշխանությունների եւ բանակի գործունեությունը վերահսկելու անհրաժեշտության մասին: Սա այն հարցն է, որը կարծես ղարաբաղյան հակամարտության շուրջ երեք տասնամյակների ընթացքում լրագրողների ուշադրությունից ամբողջությամբ դուրս է մնացել:
Հայկական լրատվամիջոցները ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական ունեցվածքի, պաշտոնեական դիրքի չարաշահումների կամ թերացումների մասին հիմնականում անդրադարձել են բացառիկ դեպքերում, երբ կարծես լռությունը շատ ավելի վտանգավոր հետեւանքներ կարող էր ունենալ, քան ճշմարտությունը ներկայացնելը:
Բանախոսները ներկայացնում են, թե ինչ սկզբունքով է գործում ԼՂՀ քաղաքական համակարգը, ինչու չի զարգանում մամուլը, եւ ինչ կտա Արցախում ազատ ու անկախ լրատվամիջոց հիմնելը:
Ներքին տաբուներ
«Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ասում է, որ լրատվամիջոցները պե՛տք է լուսաբանեն ինչպես Արցախի իշխանությունների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց բիզնեսների, գործունեության, այնպես էլ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գնումների մասին:

