Մեծ կինո Երևանում. «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը կհյուրընկալի և կմեծարի աշխարհահռչակ ռեժիսորների
Հուլիսի 12-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե Ծիրան» վեցերորդ միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում կցուցադրվեն ինչպես անվանի, այնպես էլ դեռ չբացահայտված ռեժիսորների ֆիլմեր:
Փառատոնի յոթ օրերի ընթացքում Երևանի կինոսրահներում ընդհանուր առմամբ կցուցադրվի 40 երկրների շուրջ 110 ֆիլմ: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ մասնակցության հայտերի թիվը գրեթե չորս անգամ ավելի է եղել:
«Ոսկե Ծիրան»-ը կբացվի ռեժիսոր Լոռեն Տյուելի «Մերձավոր շրջապատ» (le Premier Cercle) ֆիլմով, որի գլխավոր հերոսը ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժան Ռենոն է: Նա ֆիլմում հանդես է գալիս հայ հանցագործ Միլո Մալակյանի դերում: Թեպետ ոչ Տյուելին, ոչ էլ Ռենոն չեն մասնակցի փառատոնին, սակայն այս կապակցությամբ Երևան կժամանի ֆիլմի պրոդյուսեր, ֆրանսահայ կինոդիստրիբյուտոր Ալան Թերզյանը:
«Ֆիլմը նոր է, այն այս տարի է նկարահանվել, իսկ գլխավոր հերոսը մարմնավորում է հայի կերպար: Այդ իսկ պատճառով մենք դիմեցինք ֆիլմի ռեժիսորին` այն մեր փառատոնի շրջանակներում ցուցադրելու խնդրանքով: Սակայն ցուցադրման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ֆիլմի պրոդյուսերը, ամբողջ աշխարհում հայտնի որպես մեծ կինոգործիչ, հայ է», – ասում է «ՈսկեԾիրան» կինոփառատոնի մամուլի խոսնակ Սեդա Պապոյանը:
Պրոդյուսեր Ալան Թերզյանը նաև Կաննի կինոփառատոնի ղեկավարներից է, ինչպես նաև “Ալտեր ֆիլմս” պրոդյուսերական ընկերության, Սեզար ակադեմիայի նախագահը, ով նաև երկար տարիներ ղեկավարել է Ֆրանսիայի պրոդյուսերների գիլդիան: