Մեզ ձեր միլիոններն են պետք
Դեկտեմբերի 6-ին «Ինտերնյուս» ԶԼՄ աջակցության ՀԿ-ում Հայաստանի 13 հեռուստաընկերություններ ստորագրել են ՀՀ նախագահին ուղղված մի նամակ, որով խնդրել են բարի կամք դրսեւորել եւ հանձնարարել վերանայել հոկտեմբերի 17-ին օրենքի ուժ ստացած այն որոշումը, որով պահանջվում է տարածքային սփռում ունեցող հեռուստաընկերություններից` պետական տուրքը վճարել ոչ թե 50 հազար դրամ, ինչպես 2003 թ.-ից մինչ հիմա էր, այլ` մեկ միլիոն դրամ:
Նամակի պատճեն այլ հասցեատերեր էլ ունի` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյան, ՄԻՊ Արմեն Հարությունյան, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյան, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյան: Տեղեկացնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին ընդունվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 17-ին:
Օրենքի 1-ին հոդվածի համաձայն հեռուստահաղորդումների եթերային հեռարձակման համար սահմանվել են տարեկան նոր դրույքաչափեր` հանրապետական սփռում ունեցող հեռուստաընկերությունները պետք է պետական տուրք վճարեն 20 միլիոն դրամի չափով, մայրաքաղաքայինները` 10 միլիոն, տարածքայինները` 1 միլիոն:

