Գրիգոր Ամալյան. «Սարք ունենալ-չունենալը դիտեք որպես սեփական հայեցողություն, ոչ թե իրավունքի սահմանափակում»
Հայաստանում ավարտված է համարվում թվայնացման գործընթացը: Պաշտոնական աղբյուրների համաձայն` թվային հեռարձակումը հասանելի է Հայաստանի ողջ տարածքում: Թվային հեռարձակումից կարող են օգտվել բոլոր այն բնակիչները, ովքեր ունեն հեռուստացույց DVB-T2 ձեւաչափի հեռարձակման ընդունիչով, կամ ովքեր իրենց հին սերնդի հեռուստացույցը համալրել են նույն ձեւաչափի կցուրդով, որն ապահովում է այս ազդանշանի ապակոդավորումը:
Սակայն այս պահին, ովքեր դեռ չեն հասցրել ձեռք բերել այդպիսի հեռուստացույց կամ կցուրդ սարք, առայժմ կարող են օգտվել անալոգային հեռարձակումից: Ըստ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի» (ՀՀՌՑ) գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի, անալոգային ձեւաչափով զուգահեռ հեռարձակումը նախատեսվում է պահպանել մինչեւ ամռան վերջ, երբ պետությունը ավարտած կլինի սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար կցուրդ սարքեր տրամադրելու գործընթացը:
Ստորեւ ներկայացված է ՀՀՌՑ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի JNews.am-ին տված հարցազրույցը:

