Skip to content

Նունե Սարգսյան. «Չգիտեմ` ինչ ես դրանից սարքելու»

Երբ որոշեցի համալսարանում հանձնարարված ակնարկը գրել նրա մասին՝ մի քանի նախազգուշացում ստացա, որ դժվար է լինելու՝ բարդ կերպար եմ ընտրել:

Ինձ հետ զրուցելու համաձայնությունն ստանալը արդեն իսկ հաջողություն էր: Գիտեի, որ պետք է հնարավորինս լավ պատրատվել. հերոսս նաև լրագրող է: Համացանցում գտա մասնագիտությանը վերաբերող հարցազրույցներ նրա հետ, բայց իր մասին պատմող նյութեր գրեթե չկային: Որոշեցի ռիսկի դիմել: Որոնումներս շարունակեցի: Հարց ու փորձ արեցի նրա հետ աշխատող մարդկանց: Պարզեցի, որ իր պատմվածքները ներառող գրքույկ կա տպված: Ձեռք բերեցի: Հարցազրույցը մեկ անգամ հետաձգվեց, հետո մի քանի ժամ սպասեցի:

Read More »Նունե Սարգսյան. «Չգիտեմ` ինչ ես դրանից սարքելու»

Իռլանդական մամուլը Իռլանդիա-Հայաստան խաղի մասին

Հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայանալիք Իռլանդիա-Հայաստան խաղը վճռորոշ է ինչպես Հայաստանի հավաքականի, այնպես էլ Իռլանդիայի ազգային թիմի համար, քանի որ հանդիպման արդյունքից է կախված, թե որ երկիրը հնարավորություն կստանա մասնակցելու Եվրո 2012-ի եզրափակիչ փուլին:

Գրեթե բոլոր իռլանդական պարբերականներն իրենց պարտքն են համարում անդրադառնալ Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կայանալիք վաղվա խաղին: Գլխավոր թեման իռլանդացիների առաջատար հարձակվող և ավագ Ռոբի Քինի հնարավոր բացակայությունն է, քանի որ նա ուրբաթ օրը` հոկտեմբերի 7-ին, Անդորրա-Իռլանդիա (0-2) հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել:

Մասնավորապես իռլանդական Rte.ie կայքը գրում է. «Եվրո 2012-ի ընտրական փուլի Հայաստանի հետ հանդիպմանը իռլանդացիների գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին ստիպված է նախապատրաստվել առանց իր թիմի գլխավոր ռմբարկու Ռոբի Քինի: Անդորրայի նկատմամբ տարած հաղթանակից հետո «Լոս Անջելես Գելեքսիի» ֆուտբոլիստը գանգատվել է մկանային ցավերից, իսկ բուժզննման արդյունքում պարզվել է, որ նա վնասվածք ունի: Տրապատոնիի խոսքերով՝ Քինի մասնակցությունը Հայաստանի հետ հանդիպմանը կասկածի տակ է»:

Read More »Իռլանդական մամուլը Իռլանդիա-Հայաստան խաղի մասին

Առցանց հասցեներ հետևելու Հայաստան-Մակեդոնիա խաղին. Twitter, Facebook, Livestream

Հայաստան-Մակեդոնիա խաղի մեկնարկի հետհաշվարկը սկսված է: Այն տեղի կունենա ժամը 20:00-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Ըստ էության Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ Մակեդոնիայի հետ այս խաղը գուցե ամենակարևոր հանդիպումներից մեկն է, որը հաղթանակով պսակելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականին ևս մեկ քայլով կմոտեցնի Եվրո 2012-ի եզրափակիչ փուլին:

Մարզադաշտի տոմսերը վաղուց սպառված են: Խաղը ուղիղ եթերով կհեռարձակի Հայաստանի հանրային հեռուստաալիքը, իսկ ցրտից չվախեցող երկրպագուները կարող են հանդիպմանը հետևել Ֆրանսիայի հրապարակում տեղակայված մեծ էկրանի միջոցով:

Ի ուրախություն մոլի ինտերնետ օգտագործողների՝ խաղին առցանց հետևելու մի շարք հնարավորություններ կան համացանցում, որն ի տարբերություն մյուս ավանդական մեթոդների, հնարավորություն է տալիս նաև ակտիվ մասնակցել օնլայն քննարկումներին:

Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը օնլայն կհեռարձակեն արտասահմանյան մի շարք կայքեր` քանի որ այն մեծ նշանակություն ունի նաև Ռուսաստանի, Իռլանդիայի և Սլովակիայի հավաքականների համար:

Read More »Առցանց հասցեներ հետևելու Հայաստան-Մակեդոնիա խաղին. Twitter, Facebook, Livestream

Ֆոտո փախցնոցի. Հարգելի խմբագիրներ, ֆոտոն ունի հեղինակ

Երբ չես խոսում խնդիրների մասին, բոլորին թվում է, թե ամեն ինչ հարթ է, ու որ դրանք չկան: Հենց ընկնում ես ոստայնի մեջ ու փորձում դուրս պրծնել դրա մանր թելերից, սկսում են բացահայտումները, որ դառնում են օրվա թեմա, ազդում տրամադրությանդ վրա, խլում էներգիադ:

Չգիտես ինչի բոլորին թվում է՝ լուսանկարիչ ունենալն ավելորդ շռայլություն է խմբագրությունում. ինչի՞ է պետք, միևնույն է, անվճար էլ կարելի է ունենալ այն, ինչ անհրաժեշտ է:

Մի կողմից Հայաստանում ավելանում են ֆոտոխցիկներով քայլող մարդիկ, գրախանութներում հայտնվում են Արաքիի ու Նյուտոնի լուսանկարչական ալբոմները, ֆեյսբուք սոցիալական ցանցի օգնությամբ ծնվում են նոր լուսանկարիչներ, կազմակերպվում են ցուցահանդեսներ ու քննարկումներ, լուսանկարչությունը լայն մասսայականություն է վայելում, մյուս կողմից` մեդիա դաշտում նկատելի ոչինչ չի փոխվում, առավել ևս, ահռելի խառնաշփոթ է: Ավելի հաճախ շփվելով հայկական մամուլի հետ` հիասթափություն եմ ապրում` տեսնելով խզումը թերթի ու լուանկարչի միջև:

Հերթական «Պեչա-կուչա»-ի ժամանակ (տես այստեղ) ես փորձեցի խոսել «Ո՞ւր է ֆոտոլրագրողը» թեմայի շուրջ: Հետո երբ այդ միջոցառման տեսագրությունն էի նայում, հասկացա, թե ինչքան ջղային եմ ներկայացրել այն: Այո, ես շատ ջղայնորեն փորձում էի բարձրաձայնել, որ լուսանկար գողանալը ճիշտ չէ, միայն տեքստի հետ չի կապված մամուլի աշխատանքը ու լիքը այլ հարցեր:

Read More »Ֆոտո փախցնոցի. Հարգելի խմբագիրներ, ֆոտոն ունի հեղինակ

Կա՞ մեկը, ով հաճույքով է թերթ կարդում Հայաստանում

Հայերը թերթ կարդալու առանձնապես մեծ սիրահար չեն, հատկապես Հայաստանում և հատկապես հայկական թերթ, ու սա բոլորին է հայտնի: Պատճառը գուցե տեխնոլոգիական առաջընթա՞ցն է: Բա մինչ ա՞յդ: Հիմա է, որ համացանցի առկայության շնորհիվ ցանկացած պահի կարող ես կարդալ քեզ հետաքրքրող թեմաները, մինչդեռ թերթը գնելու պահին այնտեղ զետեղված նորությունները հաճախ արդեն իսկ կորցրած են լինում «նորություն» կոչվելու իրենց իրավունքը: Բայց, այնուամենայնիվ, Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր նախընտրում են թերթ կարդալ:

Թերթը, իհարկե, լավ է, բայց ըստ իս այն իրեն սպառել է: Չնայած իմ դասախոսների հորդորներին, թե լրագրողը պետք է թերթ կարդա, ես իմ լուրերը որսում եմ համացանցում կամ, ծայրահեղ դեպքում, հեռուստացույցով ու վստահ եմ, որ շատերն են այդպես վարվում: Իսկ շատերի համոզմունքը, թե «եթե լրագրող ես, ուրեմն պետք է թերթ կարդաս», ինտերնետը չհասկանալու ու հին ավանդույթներից ձերբազատվել չցանկանալու միտումն է: Դա ինձ հիշեցնում է դասախոսներիցս մեկին, ով արգելում էր տպագիր ռեֆերատ հանձնել իրեն:

Թերթն ուրիշ է այն մարդկանց համար, ովքեր տեխնոլոգիաներին լավ ծանոթ չեն, կամ ծայրահեղ դեպքում գտել են մի թերթ, որը հետաքրքիր է: Ես այդպիսին դեռ չեմ գտել:

Read More »Կա՞ մեկը, ով հաճույքով է թերթ կարդում Հայաստանում

Տուրիզմ. Հայաստան ժամանած զբոսաշրջիկները ցնցված են և զարմացած

Գերմանացի զբոսաշրջիկ Մաթեուս Գեհրիգի խոսքով Հայաստանում գոյություն ունեն լուրջ պատմամշակութային արժեքներ, որոնք կարող են մեծ ճանաչում բերել Հայաստանին. «Այցելել եմ ձեր հնագույն վանքերն ու եկեղեցիները, բնությունն ուղղակի ապշեցուցիչ է: Պարզապես ցնցված եմ և միաժամանակ զարմացած: Միայն կարիք ունեք աշխարհին ճիշտ ներկայանալու»,- կարծում է գերմանացի զբոսաշրջիկը:

Նրա խոսքով Հայաստանում զբոսաշրջությունը այդքան էլ ամուր հիմքեր չունի ծառայությունների մատուցման և դրանց դիմաց նախատեսված վճարների առումով, և որպեսզի դա կարգավորվի, ըստ նրա, գերխնդիր պետք է հանդիսանա սպասարկման որակի մակարդակի բարձրացումը և չհիմնավորված գների կարգավորումը: 

Վերջերս Հայաստանում էր ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռաֆային, ով նշել էր, որ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի դառնալու համաշխարհային զբոսաշրջության կենտրոն:

«Հայաստանը տուրիզմի ոլորտում հսկայական նախադրյալներ ունի և հավակնում է դառնալու զբոսաշրջության ամենահայտնի կենտրոններից»,- նշում է Ռաֆային` հավելելով, որ սա ոչ միայն պետք է լինի կառավարության, այլև մասնավոր ուժերի առաջնահերթ խնդիրը: Այցի ընթացքում գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Read More »Տուրիզմ. Հայաստան ժամանած զբոսաշրջիկները ցնցված են և զարմացած

Հայկական ֆլեշմոբ դիվիզիան պատրաստ է չնախատեսված հավաքների

Հայաստանում առաջին ֆլեշմոբ կազմակերպելու գաղափարն առաջացավ Երևանի թեյարաններից մեկում նախորդ տարի, երբ երեք ընկերներ Արմենը, Էդուարդը և Վաղինակը երկար քննարկումներից հետո որոշեցին գործի անցնել:

«Ֆլեշմոբ մշակույթը PR տեխնոլոգիայի մի ձև է: Արևմուտքում այդ մշակույթը ակտիվ զարգանում է, և մենք էլ ցանկացանք նման մի բան նախաձեռնել Երևանում: Առաջին ֆլեշմոբը որոշեցինք կազմակերպել ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի 95-ամյակին», – ասում է մասնագիտությամբ տնտեսագետ 22-ամյա Արմեն Սուքիասյանը:

Ուղիղ պայմանավորված ժամին Աբովյան փողոցի տարբեր կողմերից Ազնավուրի հրապարակում հավաքվեցին երիտասարդների խմբեր և, ուղղանկյան ձևով շարքերով կանգնելով, վեր բարձրացրին իրենց ձեռքի թղթերը: Արդյունքում սպիտակ ֆոնի վրա ուրվագծվեց 95 թիվը’ խորհրդանշելով Մեծ Եղեռնի 95-ամյակը:

Ֆլեշմոբն առաջացել է անգլերեն flash’ կայծակ և mob’ ամբոխ բառերից: Ֆլեշմոբը (կայծակնային ամբոխ) նախօրոք պլանավորված միջոցառում է, որի ժամանակ մի խումբ մարդիկ անսպասելի հայտնվում են որևէ հասարակական վայրում, մի քանի րոպեի ընթացքում կատարում նախօրոք պայմանավորված անտրամաբանական գործողություններ, իսկ հետո արագ ցրվում տարբեր կողմեր:

Ֆլեշմոբի հոգեբանական կողմն այն է, որ մասնակիցները ստեղծում են անհասկանալի, անհեթեթ իրավիճակ, սակայն պահում են իրենց այնպես, կարծես ամեն ինչ սովորական է: Ֆլեշմոբի սցենարը պետք է ունենա անհեթեթ և անտրամաբանական բնույթ, սակայն մասնակիցները պետք է լինեն լուրջ և սթափ:

Read More »Հայկական ֆլեշմոբ դիվիզիան պատրաստ է չնախատեսված հավաքների

Տախտակացի´ր, բայց զգուշացի´ր. պլանկինգը Հայաստանում ամրապնդում է հորիզոնական դիրքերը

Այսուհետ էքստրեմալ սպորտաձևերի սիրահարները հնարավորություն ունեն իրենց ուժերը փորձելու Հայաստանում զարգացող մի նոր սպորտաձևում, որը կոչվում է պլանկինգ:

Պլանկինգը(planking) թարգմանաբար նշանակում է տախտակացում կամ տախտականալ և այս սպորտաձևի իմաստը կայանում է նրանում, որ մարդը պետք է կարողանա պառկել հորիզոնական դիրքով անհնարին ու անհավանական տեղերում և որոշ ժամանակ պահպանել այդ դիրքը:

Այս էքստրեմալ սպորտաձևը սկիզբ է առել 1997թ-ին Բրիտանիայում, իսկ Հայաստանում այն սկսել է ձևավորվել վերջերս, բայց արդեն գործում է Հայաստանի պլանկինգի ֆեդերացիան:

Ըստ ֆեդերացիայի հիմնադիր Վարազդատ Ղազարյանի` պլանկինգը հնարավորություն է տալիս կյանքն ավելի գունավոր ու զվարճալի դարձնել:

«Մեր առօրյան շատ գորշ ու անշուք է. այս նախաձեռնությամբ փորձում ենք առօրյան ավելի հետաքրքիր դարձնել: Մեր նպատակը մարդկանց ժպտալ սովորեցնելն է»,- ասում է Ղազարյանը:

Ֆեդերացիային կարող են միանալ բոլորը` առանց տարիքային սահմանափակման: Պետք է պարզապես նկարվել հորիզոնական դիրքով որևէ անհավանական վայրում և նկարը ուղարկել ֆեդերացիա կամ տեղադրել նրանց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում: Խմբի ամենատարեց անդամը 50-ամյա Նաիրա Մուրադյանն է:

Ֆեդերացիան առաջացրել է և´ դրական, և´ բացասական արձագանքներ, սակայն խումբը դեմ չէ առողջ քննադատությանը:

Read More »Տախտակացի´ր, բայց զգուշացի´ր. պլանկինգը Հայաստանում ամրապնդում է հորիզոնական դիրքերը

«Արի տուն». սփյուռքահայ երիտասարդները բացահայտում են Հայաստանը

Ամեն առավոտ մի խումբ սփյուռքահայ երիտասարդներ հավաքվում են Երևանի Շահումյանի արձանի հարևանությամբ, և այստեղից սկսվում է նրանց ուղևորությունը դեպի հայրենիքի տեսարժան և պատմամշակութային վայրեր: Երիտասարդներն արդեն եղել են Սարդարապատում, Էջմիածնում, Օշականում, այցելել են նաև Զվարթնոցի տաճար: Այս անգամ գնալու են Մատենադարան` հին ձեռագրերի թանգարան:

20-ամյա Մկրտիչ Բաղդասարյանը նրանցից մեկն է: Մկրտիչը Հայաստան է եկել Ռումինիայից քրոջ` Անիի հետ: Չնայած Հայաստանում առաջին անգամ է, նա վարժ տիրապետում է հայերենին.

«Շատ էի ուզում տեսնել հայրենիքս, երկիրս  ու այն վայրերը, որոնք տեսել եմ նկարներով: Հայերեն խոսելը սովորել եմ ընտանիքում. մայրս, հայրս, տատիկս խոսում են հայերեն: Ռումինիայից 12 հոգի ենք, միայն ես ու քույրիկս գիտենք հայերեն», – ասում է Մկրտիչը:

Նա մեկն է այն հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներից, ովքեր այս տարի մասնակցում են Հայաստանի Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպած «Արի տուն» ծրագրին:

Այս ծրագիրը սփյուռքի նախարարությունը կազմակերպում է արդեն 3-րդ տարին: Առաջին տարին` 2009 թ-ին, 300-ից ավելի երիտասարդներ էին մասնակցում: Անցած տարի մասնակիցների թիվը մոտ 600 էր: Այս տարի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստան հրավիրելու մինչև 800 երեխայի:

Read More »«Արի տուն». սփյուռքահայ երիտասարդները բացահայտում են Հայաստանը

Գնե՞լ, թե՞ չգնել նոր հեռուստացույց. Հայաստանում հեռուստադիտողն անմասն չի մնա թվայնացմանն անցնելու գործընթացից

Համաձայն 2006թ-ին հաստատված Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրի, Հայաստանը 2015 թ-ի հունվարից ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների անալոգային հեռարձակման տարբերակից պետք է անցնի թվային տարբերակի:

Թվային հեռարձակման առավելությունը ոչ միայն առավել անարգել հեռարձակման ու պատկերի և ձայնի բարձր որակի մեջ է, այլև միևնույն հաճախականությամբ մի քանի հեռուստածրագրերի հեռարձակման հնարավորության, ինչպես նաև թե հեռարձակողների և թե հեռուստադիտողների համար ստեղծվող մի շարք նոր տեխնիկական հնարավորությունների: Այսօր արդեն թվային հեռարձակման առավելությունը Երևանում կարող են գնահատել մալուխային և IP-հեռուստատեսության 3 օպերատորների բաժանորդները:

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում հեռարձակման նոր ձևաչափին ամբողջական անցումը կարժենա շուրջ 30 միլիոն դոլար: Ինչպես նշում է Հայաստանում ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի տեխնիկական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Սիմոն Աղաջանյանը` այս գումարը կտրամադրվի փուլ առ փուլ, սակայն ավելացնում է, որ ֆինանսավորման աղբյուրներն առայժմ հայտնի չեն և հաստատված չեն:

Read More »Գնե՞լ, թե՞ չգնել նոր հեռուստացույց. Հայաստանում հեռուստադիտողն անմասն չի մնա թվայնացմանն անցնելու գործընթացից