Եթեր տալով` իշխանությունները կշահեն
«Եթե իշխանությունները ցանկանում են պրագմատիկ մոտեցում ցուցաբերել եւ համապետական ընտրություններից առաջ դրական քայլեր կատարել` դուր գալու համար հասարակությանը եւ միջազգային կազմակերպություններին, ապա պետք է կատարեն Եվրոպական դատարանի որոշումը եւ եթեր վերադարձնեն «Ա1+»-ին»:
«Ա1+»-ի հետ զրույցում հայտնելով այս համոզմունքը` «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ եւ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ Աշոտ Մելիքյանը նաեւ ավելացրեց, որ իշխանությունները դրանից միայն կշահեն. «Եթե ցանկանում ենք դառնալ դեմոկրատական երկիր եւ ունենալ բազմակարծիք հեռուստաոլորտ, ապա իշխանությունները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն ոլորտի ազատականացման համար»:
Նշենք, որ ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի` ստեղծվել է «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամ, որի նախաձեռնած քվեարկությանն արդեն մասնակցել է 14 000-ից ավելի մարդ, որոնք դրամական փոխանցում են կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչն էլ նշանակում է 14 000 քվե` «Ա1+»-ի օգտին: