Մեկ քայլ առաջ
Շատերի համար ամառը հանգստի, ամեն ինչ մոռանալու և անհոգությանը հանձնվելու ժամանակ է: 2015-ի ամառն այդպիսինը չէր: Վերադառնալով Եվրոպայից և հայտնվելով հայկական իրականության մեջ՝ հասկացա, որ նախկին կյանքիս հանդեպ ունեցած կարոտախտի չափաբաժինը պետք է կրճատել ու գործնական քայլեր ձեռնարկել: Ոգևորությունը մեծ էր: Մեծ էր նաև մեկ տարվա ընթացքում ձեռք բերած փորձը: «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով մեկնել էի Լեհաստան՝ Լոձի համալսարանում մեդիա և հաղորդակցություն ուսանելու:Արդյունքում դարձել էի ավելի հասուն, ավելի, այսպես ասած, մեդիա գրագետ:
Գիտեի, որ Հայաստան վերադառնալս չպետք է շարունակվեր ծով կամ ամառանոց մեկնելու ամենամյա սովորությամբ: Ուզում էի, որ Լեհաստանում ձեռք բերած գիտելիքը դրսևորվեր, տեսականից մտներ գործնական փուլ, ու ես նույնպես բարձրանայի մեկ աստիճան վերև: Պետք էր աշխատել: Միանգամից բացառեցի այն խմբագրությունը, որտեղ նախկինում աշխատել էի: Վերադառնալ այնտեղ՝ նշանակելու էր մեկ քայլ հետ կատարել: Իսկ առաջ գնալու և մասնագիտական զարգացման համար նոր հարթակ էր հարկավոր: