Լսիր համացանցով. խոսում է հայկական ռադիոն
Հայկական առաջին օնլայն ռադիոն արդեն եթերում է: Այսուհետ նորաստեղծ NetFM.am ռադիո-կայքը 24 ժամ շարունակ մելոմաններին կմատուցի ռոք եւ փոփ-ռոք ոճերի երաժշտություն: Հայաստանում շատերն էին ցանկանում ստեղծել օնլայն ռեժիմով ռադիո հեռարձակում, բայց դա հաջողվեց 3 երիտասարդ տղաների:
Հասակակիցներ Պետիկը, Վահանը և Մհերը ասում են, որ այս գաղափարն իրականացնելու համար պահանջվեց մեկ տարի, և խոստովանում են, որ ջանք չեն խնայել, որպեսզի հայկական ռադիոն խոսի նաև համացանցում:
«Միտքը ծագեց ինձ մոտ»,- ասում է 18-ամյա Պետիկ Ավետիսյանը, ով ապագա ծրագրավորող է: «Երբ ամեն երեկո ռադիո էի լսում, հասկացա, որ նմանատիպ ռադիոն կհետաքրքրի մեր այսօրվա երիտասարդությանը, հատկապես, որ մեզանից շատերն օրվա մեծ մասը համակարգչի առջև են»:
Օնլայն ռադիոյի գաղափարի մասին նա կիսվեց իր ընկեր` ապագա տնտեսագետ Վահան Պողոսյանի և նրա եղբոր` ապագա ճարտարապետ-դիզայներ Մհեր Պողոսյանի հետ:
«Սկզբում չէինք էլ պատկերացնում, թե ինչ դժվարություններ է մեզ սպասվում: Մտածում էինք` տնային պայմաններում անելու գործ է, սակայն հետագայում պարզվեց, որ մեզ ստուդիա է հարկավոր: Ստեղծեցինք ստուդիա, այնուհետեւ մեծ դժվարությամբ նաև կայք»,- նշեց Պետիկ Ավետիսյանը: