Պահանջում են դադարեցնել Հայաստանում «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների հեռարձակումը
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) տարածել է հայտարարություն, որով իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում երկու ռուսաստանյան պետական հեռուստաալիքների եթերում տեղ գտած որոշ հաղորդումների կապակցությամբ: Հայտարարությունը ունի հետևյալ բովանդակությունը.
«Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների եւ սյուժեների կապակցությամբ, որոնցում քարոզվում է բացահայտ այլատյացություն՝ ազգային պատկանելության հիմքով, եւ սերմանվում է ազգամիջյան ատելություն: Նշված երեւույթը առավել ակնհայտ է դարձել Ուկրաինայում վերջին ամիսների քաղաքական զարգացումների համատեքստում: